Պատմություն

* Այս էջը խմբագրման փուլում է: 

Արսենալ (անգլ.՝ Arsenal Football Club), պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ, որը հանդես է գալիս անգլիական Պրեմիեր Լիգայում, հիմնադրվել է Լոնդոնի հյուսիսում։ Լինելով ամենահաջողված անգլիական թիմերից մեկը՝ նրանք հաղթել են 13 Առաջին դիվիզիոնի և Պրեմիեր Լիգայի տիտղոսներ և 10 Անգլիայի գավաթ։ «Արսենալը» Պրեմիեր Լիգայի միակ թիմն է, որն անցկացրել է մի ամբողջ մրցաշրջան առանց պարտության։

Արսենալը հիմնվել է 1886 թվականին Վուլվիչում և 1893 թվականին դարձել է Ֆուտբոլային լիգայի առաջին հարավ-անգլիական թիմը։ 1913 թ. նրանք հաստատվում են Լոնդոնի հյուսիսում Արսենալ մարզադաշտում։ 1930-ական թթ. նրանք հաղթել են հինգ չեմպիոնական տիտղոս և երկու Անգլիայի գավաթ։ Իսկ 2006 թ. նրանք հասան Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։

2014 թվականին Forbes ամսագիրը հրապարակեց աշխարհի ամենահարուստ ֆուտբոլային ակումբների ցուցակը, որտեղ «Արսենալը» զբաղեցրեց 5-րդ տեղը։ Ակումբի արժեքը գնահատվում է $1,33 միլիարդ։

«Արսենալի» գլխավոր մարզիչը 1996 թվականից Արսեն Վենգերն է։ Թիմի գործող ավագը Պեր Մերտեզակերն է։

Պատմություն

Հիմնումը (1886-1925)

«Արսենալ» ակումբը հիմնվել է 1886 թվականին Լոնդոնի հարավ–արևելքում Վուլվիչում գտնվող «Ռոյալ Արսենալ» զինագործական գործարանի աշխատակիցների կողմից։ Սկզբում ակումբը կոչվում էր «Դայալ Սքուեր» (անգլ.՝ Dial Square) (գործարանի արհեստանոցներից մեկի անունով)։ Իր առաջին խաղը «Արսենալը» անցկացրել է 1886 թվականիդեկտեմբերի 11–ին «Իսթերն Ուոնդերերսի» դեմ։ Հաղթանակ տարան «կանոնիրները» 6։0 հաշվով։ Երկու շաբաթ անց Սուրբ Ծնունդի կապացությամբ կազմակերպվել էր խաղացողների հավաք, որում որոշվել էր վերանվանել ակումբը «Ռոյալ Արսենալ», ընտրվել էր խաղերի անցկացման վայրը և ֆուտբոլիստների մարզահագուստը։ Կարմիր գույնը առաջարկվել էր «Նոթինգեմ Ֆորեսթ»ի նախկին խաղացող Ֆրեդ Բիրդսլիի կողմից։ Պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակ ստանալուց հետո՝ 1891 թվականին, այն վերանվանեցին «Վուլվիչ Արսենալ» (անգլ.՝ Woolwich Arsenal)։ Երկրպագուները ակումբը անվանում էին նաև «Վուլվիչ Ռեդս»։ «Վուլիջ Արսենալը» սկսեց հանդես գալ Անգլիայի ֆուտբոլային լիգայում 1893 թվականից սկսած և դարձավ այնտեղ հանդես եկող առաջին հարավային թիմը։

Ակումբը սկսեց մրցաշրջանը Երկրորդ դիվիզիոնում 1904–ին և դուրս եկավ Առաջին դիվիզիոն։ Սակայն աշխարհագրական հեռացվածության պատճառով ցածր էր խաղերի հաճախելությունը, որը բերեց ֆինանսական խնդիրների։ 1913 թվականին (Երկրորդ դիվիզիոն վերադառնալուց հետո) ակումբը անցավ Թեմզա գետը, որպեսզի զբաղեցնի նոր «Հայբերի» մարզադաշտը՝ տեղակայված Լոնդոնի հյուսիսում («Հայբերին» Արսենալի տնային մարզադաշտն էր մինչև 2006 թվականի օգոստոսը, երբ ակումբը կառուցեց նոր «Էմիրեյթս»մարզադաշտը)։ Թիմը անունից դուրս նետեց «Վուլվիչը» հաջորդ՝ 1914 թվականին։ 1919 թվականի մրցաշրջանը Արսենալը ավարտեց հինգերորդ հորիզոնականում, սակայն, այնուամենայնիվ, տեղափոխվեց Առաջին դիվիզիոն։ Բայց դիվիզիոնը Երկորրդում առաջին և երկրորդ տեղեր գրաված երկու թիմերի հաշվին մեծացնելու փոխարեն, Հենրի Նորրիսը («Արսենալի» սեփականատերը) կարողացավ համոզել Ջոն Մաքենային («Լիվերպուլ»ի սեփականատիրոջը, Ֆուտբոլային լիգայի ղեկավարին և Նորրիսի ընկերոջը) թողնել Լիգայի անդամների ընտրությանը այս կամ այն թիմի ճակատագիրը։ Թեկնածուները դրանցից մեկին յոթն էին, դրանց թվում՝ «Արսենալը» (Երկրորդ դիվիզիոնում հինգերորդ տեղը), «Տոտենհեմ Հոտսպուր» (20-ր տեղը Առաջին դիվիզիոնում), «Բարնսլի» (3-րդ տեղը Երկրորդ դիվիզիոնում) և «Վուլվերհեմփթոնը» (4-րդ տեղը Երկրորդ դիվիզիոնում)։ Մաքենան «Արսենալի» կողմից եկավ՝ հաստատելով, որ այս ակումբը լուրջ արժանիքներ ունի Լիգայում ներկայացնելու համար և հիշեցրեց, որ «Արսենալը» Ֆուտբոլային լիգայում 15 տարի ավելի է խաղում, քան «Տոտենհեմը»։ Քվեարկությամբ հաղթեց «Արսենալը»։ Մյուս ուղեգիրները ստացան «Չելսին» (19-րդ տեղը Առաջին դիվիզիոնում), «Դերբին» և «Պրեստոնը» (1-ին և 2-րդ տեղերը Երկրորդ դիվիզիոնում)։ Այս պատմությունը հիմք դարձավ «Արսենալի» և «Տոտենհեմի» հավերժ հակամարտության, իսկ «կանոնիրները» այդ ժամանակվանից այլևս երբեք չլքեցին Անգլիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնը։

1925 թվականին Արսենալի մարզիչ նշանակվեց Հերբերտ Չեպմենը։ Չեպմենի ղեկավարությամբ 1924 թվականին «Հադերսֆիլդ Թաուն» թիմը առաջին տեղը զբաղեցրեց լիգայում։ Այդ մարդը Արսենալին բերեց հաջողության առաջին րոպեները։ 1925 թվականին փոփխվեց «խաղից դուրս» կանոնը։ Չեպմենը առաջիններից մեկն էր, որ հասկացավ, թե ինչ օգուտ կարելի է քաղել այդ փոփոխությունից։ Նրա հեղափոխական մարտավարությունը և մարզման ունակությունները՝ մի շարք աստղային խաղացողների հետ, այնպիսին, ինչպիսին Ալեքս Ջեյմսը և Կլիֆ Բասթինն էին, օգնեցին ակումբին դառնալ 30-ականների լավագույն թիմերից մեկը։

Չեպմենի դարաշրջանը (1925-1934)

Չեպմենն իր աշխատանքը ակումբում սկսել է «Սանդերլենդի» պաշտպան Չարլի Բյուկենին գնելով, որը իսկույն ևեթ դարձավ թիմի ավագը։ Լեսլի Նայթոնը իր ազատումից մի քանի ամիս առաջ դեռ ցանկանում էր գնել այդ խաղացողին, սակայն «Սանդերլենդը» մեծ գումար էր պահանջել նրա դիմաց՝ մոտ 7 հազար ֆունտ, որի պատճառով էլ գործարքը չէր կայացել։ 1925/26 մրցաշրջանում «Արսենալը» լիգայում դարձավ երկրորդը՝ զիջելով միայն «Հադերսֆիլդին»՝ Չեպմենի նախկին ակումբին։ Այսպես «Հադերսֆիլդը» դարձավ Անգլիայում առաջին ակումբը, որը երկու տարի շարունակ ստացել էր Անգլիայի չեմպիոնի կոչումը։ 20-ական թվականների մնացած մասը «Արսենալը» հիմնականում անցկացնում էր աղյուսակի միջին հորիզոնականներում։

1926/27 մրցաշրջանում «Արսենալը», լինելով լիգայի միջին հատվածում, հասավ Անգլիայի գավաթի եզրափակիչ, որտեղ զիջեց «Քարդիֆ Սիթիին» 0։1 հաշվով այն բանից հետո, երբ Հյուի Ֆերգյուսոնը օգտվեց դարպասապահ Դեն Լյուիսի սխալից։

1929/30 մրցաշրջանում Չեպմենի գործողությունները՝ կապված ակումբի ղեկավարության հետ սկսեցին հաջողություններ բերել։ Թիմը նվաճեց Անգլիայի գավաթը՝ եզրափակչում հաղթելով «Հադերսֆիլդին» 2։0 հաշվով՝ շնորհիվ Ալեքս Ջեյմսի և Լեմբերտի գոլերի։ Շնենք, որ երկրի առաջնությունում թիմը գրավեց ընդամենը 14-րդ տեղը։ 1930 թվականի Անգլիայի սուպերգավաթը նույնպես նվաճվեց Արսենալի կողմից, որ հաղթեց 2։1 հաշվով երկրի չեմպիոնին՝ «Շեֆիլդ Ուենսդեյին»՝ Հալմի և Ջեքի գոլերի շնորհիվ։ Հենց սա էլ սկիզբ դրեց անգլիական ֆուտբոլում «Արսենալի» նվաճումների ժամանակաշրջանին։ Այդ ժամանակ Չեպմենը կատարելության հասցրեց իր խաղային սխեման։ Թիմի խաղը հիմնված էր հակագրոհների վրա, խաղում էր արագ և դինամիկ։ Կենտրոնական հարձակվող Չեպմենին օգնում էին ավելի հետ քաշված հարձակվողներ Ջեքը և Ջեյմսը, եզրերից էլ խաղում էին Բաստինն ու Հալմը։ Թիմի պաշտպանները խորքից էին խաղում, իսկ երբ հակառակորդը տիրում էր գնդակին, պաշտպանությանն էին միանում ձախ եզրայինները․ նման կերպով հակառակորդը հանդիպում էր հզոր պաշտպանության՝ բաղկացած հինգ հոգուց: Հենց որ «Արսենալը» գնդակ էր ստանում, միանգամից տեղափոխվում էր հակառակորդի կիսադաշտ (սովորաբար գրոհը սկսում էր կենտրոնական կիսապաշտպան Հերբի Ռոբերտսը), որտեղ լինում էր յոթ ֆուտբոլիստ (հինգ հարձակվող և երկու եզրային), որոնք արագ և արդյունավետ հակագրոհ էին անցկացնում։ Հերբերտ Չեպմենի համակարգը խաղացողներից մեծ ֆիզիկական պատրաստվածություն էր պահանջում։ Այդ ժամանակ տարածված էր այն մարտավարությունը, որտեղ հիմնական շեշտը դրվում էր գնդակի ավելի շատ տիրելուն և դրիբլինգին․ Չեպմենի մարտավարությունը նորարարություն էր, և ոչ բոլորն էին այն հասկանում․ ոմանք կարծում էին, որ թիմը հաղթանակ է տանում միայն բախտի բերմամբ, մյուսներն էլ մեղադրում էին ձանձրալի խաղի համար։ 1930 և 1938 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Արսենալը 5 անգամ հաղթեց առաջին դիվիզիոնում և երկու անգամ դարձավ Անգլիայի գավաթակիր, չնայած որ Չեպմենն այդպես էլ չտեսավ այդ բոլոր հաղթանակները․ նա մահացավ 1934 թվականին թոքաբորբից։

Էլիսոն (1934-1950)

Հերբերտ Չեպմենի մահից հետո թիմի մարզչի պարտականությունները կիսեցին մի քանի մարդիկ։ Պաշտոնապես մարզիչը Ջորջ Էլիսոնն էր, փաստորեն նա էր զբաղվում կազմակերպչական հարցերով։ Նրա ղեկավարությամբ «Հայբերին» դարձավ Անգլիայի ամենաժամանակակից մարզադաշտերից մեկը, նաև Էլիսոնը հրավիրում էր նոր խաղացողների։ Հենց նա կարողացավ պայմանագիր ստորագրել Թեդ Դրեյքի հետ, ով 1934-35 թթ․ մրցաշրջանում դարձավ 42 гола գոլի հեղինակ 41 խաղում․ այն մինչ օրս ռեկորդ է մնում Արսենալի համար։ Խաղային աշխատանքի համար պատասխանատու էին նաև Ջո Շոուն և Թոմ Ուիթաքերը, որոնք մարզչական շտաբում էին աշխատում դեռ Չեպմենի ժամանակներից։

Ջորջ Էլիսոնը հեռացավ մարզչի պաշտոնից 1946-47 մրցաշրջանի ավարտից հետո։ Նրան փոխարինեց Թոմ Ուիթաքերը։ Այդ ժամանակ թիմը լուրջ խնդիրների մեջ էր․ Արսենալը առաջնությունում զբաղեցրեց 13-րդ տեղը, հիմնական կազմի 9 խաղացող զոհվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, Բաստինը և Դրեյքը հեռացան ֆուտբոլից։ ՈՔւիթաքերը փոխեց թիմի մարտավարությունը՝ դարձնելով այն բացառապես պաշտպանական։ Բացի այդ՝ հիմնական պատասխանատվությունը ընկնում էր վետերանների ուսերին։ Շնորհիվ 32-ամյա Ջո Մերսերին, 35-ամյա Ռոնի Ռուկին և 33-ամյա Լես Կոմպտոնին՝ «Արսենալը» կրկին չեմպիոն դարձավ։ Ռուկը խփեց 33 գնդակ և դարձավ Առաջին դիվիզիոնի լավագույն ռմբարկուն։

Վետերանները չէին կարող երկար ժամանակ պահել թիմը, հարկավոր էր սերնդափոխություն կատարել։ Վերջինիս պատճառով «Արսենալը» չկարողացավ մրցակցել առաջնությունում, բայց 1949-50 մրցաշրջանում նվաճեց Անգլիայի գավաթը։

1950-1970

1951-52 մրցաշրջանում թիմին մի քայլ էր մնում «Դուբլ» (հաղթանակ տանել ինչպես առաջնությունում, այնպես էլ գավաթի մրցությունում) ձևակերպելու համար, բայց վնասվածքների շղթայից հետո մնաց առանց մրցանակների։ Հաջորդ մրցաշրջանում «Արսենալը» գրավեց առաջին տեղը առաջնությունոմ, բայց այդ հաղթանակը դարձավ այն ժամանակաշրջանի սկիզբը, երբ «կանոնիրները» չէին կարողանում ստանալ ակնառու արդյունքներ՝ վերածվելով սովորական թիմի։

1966 թվականի հունիսի 20–ին թիմի մարզիչ նշանակվեց Բերտի Մին։ Ակումբի ղեկավարությունը միանշանակ չկայացրեց այդ որոշումը, չէ՞ որ Բերտին երբեք ֆուտբոլ չէր խաղացել և չուներ մարզչական փորձ։ Բայց պատմությունը ցույց տվեց, որ այդ որոշումը իրեն արդարացրեց։ Մին մեծ խանդավառությամբ սկսեց մարզել թիմը և թիմի աշխատանքը պրոֆեսիոնալ մակարդակի հասցրեց։ Նա ուժեղացրեց թիմի հարձակումը՝ երիտասարդ և տաղանդավոր խաղացողների հաշվին, իսկ պաշտպանությունում խաղում էին ավելի փորձառու ֆուտբոլիստները։ Արսենալը պարտվեց Ֆուտբոլային լիգայի գավաթի երկու եզրափակիչներում, սակայն 1970 թվականին «կանոնիրները» վերջապես ստացան բաղձալի գավաթը։

Դուբլ (1970-1986)

1970-71 մրցաշրջանում «Արսենալը» նվաճեց իր առաջին Դուբլը։ Բայց դրանից հետո «Արսենալը» հանկարծակիորեն կորցրեց իր երիտասարդական թիմի մարզչին, բժիշկին։ Թիմի համար ամենալուրջ հարվածը դարձավ առաջին թիմի մարզչի՝ Դոնալդ Խոուիի հեռանալը, ով թիմի կայացման գործում մեծ դեր խաղաց։ Դրանից հետո թիմից աստիճանաբար սկսեիցն հեռանալ մի շարք առանցքային խաղացողներ, Բերտին Մին չկարողացավ նրանց համարժեք փոխարինողներ գտնել և 1976 թվականիամռանը հրաժարական տվեց։

Բերտի Միին եկավ փոխարինելու Թերրի Նիլը, ով նախկինում թիմի ավագն էր։ Նա շտաբ վերադարձրեց Դոնալդ Հոուիին, նրա ղեկավարությամբ սկսեցին խաղալ ապագա լեգենդներ Լիամ Բրեդին և Դևիդ Օ’Լիրին։ «Արսենալը» երեք անգամ հաջորդաբար խաղաց Անգլիայի գավաթի եզրափակչում (1978, 1979, 1980)՝ դառնալով առաջին ակումբը, որը կարողացավ «Ուեմբլիում» նման արդյունքի հասնել։ Ժամանակի հետ արդյունքները սկսեցին վատթարանալ (քիչ դեր չխաղաց այդ ամենում Բրեյդիի՝ թիմից հեռանալը, ոն այդ ժամանակ թիմի ուղեղն էր), և 1983 թվականին թիմի գլխավոր մարզիչ ընտրվեց Դոն Հոուին։ Մինչ այդ նա իրենց ներկայացրել էր որպես հիանալի օգնական, սակայն գլխավոր մարզչի դերը նրա մոտ չստացվեց։ Ղեկավարման երեք տարիների ընթացքում չհասնելով ոչնչի՝ Հոուին լքեց գլխավոր մարզչի պաշտոնը։

1986 թվականին «Արսենալը» գլխավորեց թիմի լեգենդար խաղացող Ջորջ Գրեմը։ Մինչ այդ նա չորս մրցաշրջան աշխատել էր Միլուոլե ակումբում, որտեղ կարողացել էր թիմին դուրս բերել Երկրորդ դիվիզիոն։ Գրեմը թիմի համար ընտրեց պաշտպանական մարտավարոթյուն՝ ստիպելով հակառակորդին խճճվել մարզադաշտի կենտրոնում, իսկ գրոհների ժամանակ հույսը դնել միայն երկար փոխանցումների վրա։ Այդ ոճը հաճախ քննադատությունների էր արժանանում, բայց այն արդյունավետ էր։ Աստիճանաբար շոտլանդացին կարողացավ ստեղծել անասելիորեն ուժեղ պաշտպանություն․ վերջինիս կազմում էին Լի Դիքսոնը, Թոնի Ադամսը, Դևիդ Օ’Լիրին, Սթիվ Բոուլդը և Նայջլ Ուինթերբյորնը (ժամանակի ընթացքում «Արսենալը» անցավ պաշտպանության՝ չորս խաղացողով, որտեղ եզրերում խաղում էին Դիքսոնը և Ուինթերբբյորնը, իսկ կենտրոնում՝ Ադամսը և Բոլուլդը/Մարտին Քիոունը)։

1986-1995

1988-89 մրցաշրջանում «Արսենալը» 18 տարվա մեջ առաջին անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն։ Այդ տիտղոսը զինագործները վերցրին «Լիվերպուլի» հետ դրամատիկ պայքարում։ «Արսենալը» երկար ժամանակ պահպանում էր առաջին տեղը, բայց պարտությունը դերբիում և մայիսին ոչ ոքին «Ուիմբլդոնի» հետ, թույլ տվեցին Լիվերպուլին անցնել զինագործներին։ Ամեն ինչ որոշվելու էր վերջին տուրում, որտեղ «Լիվերպուլը» ընդունում էր «Արսենալին»։ Վերջիններիս հաղթանակ էր հարկավոր, այն էլ նվազագույնը երկու գնդակի տարբերությամբ․ միայն այդ դեպքում նրանք կանցնեին «Լիվերպուլին» և կդառնային առաջնության հաղթող։ Մինչ այդ «Արսենալը» 14 տարի շարունակ չէր կարողանում հաղթել Էնֆիլդում։ Խաղի հաշիվը 52-րդ րոպեին բացեց «Արսենալի» ֆուտբոլիստ Ալան Սմիթը, և այդ պահին նրանց մնում էր խփել ընդամենը մեկ գոլ։ Բայց մինչև 90-րդ րոպեն զինագործները ոչինչ չէին կարողանում ստեղծել հակառակորդի դարպասների մոտ։ Սակայն երկրորդ ավելացրած րոպեին Ալան Սմիթը գնդակը փոխանցեց երիտասարդ կիսապաշտպան Մայքլ Թոմասին, որը, անցնելով մրցակցի պաշտպաններին, խփեց հաղթական գոլը։ 0։2 հաշվով հաղթանակը «Արսենալին» չեմպիոն դարձրեց։

Հաջորդ տարի «Լիվերպուլը» այնուամենայնիվ կարողացավ նվաճել չեմպիոնի տիտղոսը, բայց մեկ տարի անց «Արսենալը» կրկին չեմպիոն դարձավ՝ պարտվելով միան մեկ խաղում։ Չի կարելի ասել, թե թիմի խաղային մակարդակը դրանից հետո իջավ։ Սակայն այն բավական բարձր չեղավ, որպեսզի թիմի հաղթանակները շարունակական լինեին։ 1992-93 մրցաշրջանում «Արսենալը» դարձավ առաջին թիմը, որը միաժամանակ նվաճեց Լիգայի գավաթն ու Անգլիայի գավաթը։ 1994 թվականին «Արսենալը» հաղթեց ՈՒԵՖԱ–ի գավաթակիրների գավաթը․ այդ տիտղոսը վերջինն էր Գրեմի համար։ 1995 թվականի փետրվարին նա սկանդալով ազատվեց աշխատանքից։ «Արսենալի» մարզչի դարձավ Բրյուս Ռիոխը, սակայն նա չկարողացավ ընդհանուր հայտարարի գալ խաղացողների հետ և շուտով հեռացավ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։

Վենգերի ժամանակաշրջանը (1996-մինչ օրս)

Վերադարձ բարձունք

1996 թվականի Արսեն Վենգերի՝ թիմի մարզիչ դառնալը չափազանց անսպասելի էր թե՛ մամուլի, թե՛ երկրպագուների համար։ Հարցը «Ո՞վ է Արսենը» (Arsene Who?) շատ տարածված էր։ Վենգերն այդ ժամանակ աշխատում էր Ճապոնիայում, և նրա մասին քչերն էին լսել։ Ոչ ոք չէր կարող ենթադրել, որ այս մարդը կդառնա Արսենալի պատմության ամենահաջողակ մարզիչը։ Հենց նրա առաջարկով ակումբը գնեց Դենիս Բերգկամպին․ այդ ժամանակ մարզիչը դեռ Ռիոկն էր։ Նրա նախաձեռնությամբ սկսվեց նոր մարզադաշտի կառուցումը, քանի որ հինը՝ «Հայբերին», չէր համապատասխանում խոշոր ակումբի ժամանակակից ստանդարտներին։ Վենգերի գլխավորությամբ մի շարք երիտասարդ տաղանդներ վերածվեցին համաշխարհային աստղերի։ Բացի այդ՝ Արսեն Վենգերը հեռացավ թիմի նախկին միատեսակ ու ձանձրալի խաղաոճից։ Նա «Արսենալին» ներարկեց վառ ու հարձակվողական խաղը, որը գրավեց բազում երկրպագուների սրտեր։

Վենգերի հետ արդեն երկրորդ մրցաշրջանը ավարտվեց «Դուբլով»։ Մրցաշրջանի կեսից հետո զինագործները զիջում էին «Մանչեսթեր Յունայթեդին» 12 միավորով, և շատ բուքմեյքերներ արդեն խաղադրույքներ էին կատարում մանկունիանցիների չեմպիոնության համար։ Բայց դրանից հետո «Արսենալը» հաղթեց 15 խաղ, 3 խաղ ավարտվեց ոչ ոքի, և առաջնության ավարտից մեկ տուր առաջ «զինագործները» ապահովեցին իրենց տիտղոսը։ Արսեն Վենգերը դարձավ առաջին արտասահմանցի մարզիչը, ով հաղթեց Անգլիայի առաջնությունը։

1999 թվականին թիմից հեռացավ Նիկոլյա Անելկան, և նրա փոխարեն թիմը ձեռք բերեց Թիերի Անրիին, ում վիճակված էր դառնալ «Արսենալի» պատմության լավագույն ռմբարկուն և թիմի խորհրդանիշներից մեկը։ Վենգերը պետք է գտներ մի քանի այլ խաղացողների համարժեք փոխարինումները ևս։ Բացի Անրիից՝ «Արսենալ» տեղափոխվեցին նաև Ռոբեր Պիրեսը, Սիլվեն Վիլտորը։ 2001-02 մրցաշրջանում «զինագործները» վերցրին հերթական «Դուբլը»։ Բայց թիմի հաղթանակների գագաթնակետը դարձավ 2003-04 մրցաշրջանը, որի ընթացքում Արսենալը չտարավ և ոչ մի պարտություն, իսկ 49 անպարտելի խաղերը ռեկորդ դարձան Անգլիայի ֆուտբոլի պատմության մեջ։ Այդ մրցաշրջանի ավարտին թիմը համալրեց երիտասարդ հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին։ 2005 թվականին «Արսենալը» նվաճեց իր հերթական տիտղոսը՝ Անգլիայի գավաթը, որից հետո շուրջ ինը տարի թիմը չկարողացավ նվաճել ոչ մի նոր տիտղոս։ 2005-2006 մրցաշրջանում թիմը հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ 2։1 հաշվով զիջեց իսպանական «Բարսելոնային»։ Հենց այդ մրցաշրջանի ավարտից հետո «զինագործները» հրաժետ տվեցին իրենց հին մարզադաշտին՝ «Հայբերիին», և տեղափոխվեցին նոր՝ «Էմիրեյթս» մարզադաշտ։

Տիտղոսային «երաշտի» ավարտը և նոր պատմությունը (2014-մինչ օրս)

2014 թվականի մայիսի 17-ին Արսենալը նվաճեց այնքան սպասված առաջին տիտղոսը ինը տարվա ընթացքում։ Ուղին դեպի եզրափակիչ այնքան էլ հեշտ չէր։ «Արսենալը» հաղթեց այնպիսի թիմերի, ինչպիսիք են «Տոտենհեմը» (2։0), «Կովենտրի Սիթին» (4։0), «Լիվերպուլը» (2։1) և «Էվերթոնը» (4։1)։ Կիսաեզրափակչում հետխաղյա 11-մետրանոցներով «Արսենալը» հաղթեց Ուիգանին։ Անգլիայի գավաթի եզրափակչում Արսեն Վենգերի թիմը կոտրեց «Հալլ Սիթիի» դիմադրություն՝ հաղթելով ավելացված ժամանակում 3։2 հաշվով։ Բաց թողնելով 2 գոլ առաջին 10 րոպեներին՝ «Արսենալը» կարողացավ վերադասավորվել և հավասարեցնել հաշիվը մինչև հիմնական ժամանակի ավարտը։ Ավելացված ժամանակում հաղթական գոլի հեղինակ դարձավ Աարոն Ռեմսին։

2013/14 մրցաշրջանի արդյունքներով Անգլիայի Պրեմիեր լիգայում թիմը գրավեց չորրորդ հորիզոնականը, բայց նշանակալին այն է, որ առաջնության մեծ մասը «Արսենալը» գլխավորում էր մրցաշարային աղյուսակը և միայն ձմեռային դադարից հետո Թեո Ուոլկոտի, Մեզութ Օզիլի և Աարոն Ռեմսիի վնասվածքների պատճառով թիմը ետ մնաց չեմպիոնության համար պայքարից։ Չեմպիոնների լիգայում լոնդոնյան ակումբը հասավ մինչև 1/8 եզրափակիչ, որտեղ երկրորդ անգամ արդեն զիջեց մյունխենյան «Բավարիային» (3։1 երկու խաղերի արդյունքում), իսկ Լիգայի գավաթի խաղարկությունում հասավ մինչև չորրորդ ռաունդ («Չելսի», 2։0)։

Արսեն Վենգերը հերթական անգամ դժգոհեց Չեմպիոնների լիգայի վիճակահանության արդյունքներից։ Ֆրանսիացի մասնագետի կարծիքով՝ «զինագործներին» 1/8 եզրափակչում միշտ բաժին են հասնում ուժեղ մրցակիցներ։ Այնուամենայնիվ 2012/13 մրցաշրջանում նրանք գրեթե հաղթահարեցին «Բավարիայի» արգելքը. մյունխենցիները անցան քառորդ եզրափակիչ՝ շնորհիվ լրացուցիչ գոլի (ընդհանուր հաշիվը՝ 3։3)։

Չնայած բոլոր նախկին անհաջողություններին՝ 2013/14 մրցաշրջանը, վերջապես, «Արսենալի» համար տիտղոսաբեր դարձավ։ Շատ երիտասարդ խաղացողներ առաջին անգամ իրենց գլխավերևում բարձրացրեցին այնքան բաղձալի գավաթը։

2014 թվականի օգոստոսի 10-ին Անգլիայի սուպերգավաթի եզրափակչում «Արսենալը» կարողացավ հաղթել «Մանչեսթեր Սիթիին» 3։0 հաշվով և նվաճեց երեք ամսվա ընթացքում իր երկրորդ տիտղոսը։ 2015 թվականի օգոստոսի 2-ին «Արսենալը» կրկնեց իր հաջողությունը՝ հաղթելով Անգլիայի սուպերգավաթը 2-րդ անգամ անընդմեջ: Եզրափակչում Արսենալը Օքսլեյդ-Չեմբերլենի գոլի շնորհիվ հաղթեց «Չելսիին»:

2016-17 մրցաշրջանում «Արսենալը» հաղթեց Անգլիայի գավաթը ռեկորդային 13-րդ անգամ՝ եզրափակչում հաղթելով «Չելսիին» 2-1 հաշվով: Այնուամենայնիվ այս մրցաշրջանում «Արսենալը» գրավեց 5-րդ տեղը: Սա Արսեն Վենգերի՝ «Արսենալի» մարզչական տարիների՝ 1996 թվականից սկսած վատագույն արդյունքն է:


/* catfish */
/* branding */